- info@aralez.org
- +374 33 99 66 0423
- ARALEZ Scouts
Menu
Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում…
Հոկտեմբերի 2-ին, Արալեզ ՀԿ-ի վարչական մարմինները և սկաուտական խմբի Երևանի մասնաճյուղի սկաուտներն ու արենուշները՝ ՀԿ-ի նախագահ Սարօ Թաթյոսի գլխավորությամբ, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին մեր քաջ նահատակներին, ովքեր չխնայելով իրենց կյանքը, զոհվեցին հանուն հայրենիքի:
Արալեզները, ովքեր նաև Արալեզի սկաուտներ են, իրենց համար հայրենիքը գերագույն արժեք է։ Երդվելիս էլ երդվում են իրենց պատվով, որ հավատարիմ են լինելու Աստծուն, ազգին և հայրենիքին։ Այդ երդմանը հավատարիմ են ամենուր՝ ողջ կյանքում։ Սկաուտական ու զինվորական երդմանը համաձայն իրենց կյանքը տվեցին նաև մեր սկաուտ եղբայրները՝ Արսեն Բեգլարյանը, Արեգ Ադուրյանը, Արման Ճաղարյանը և նրանց պես հազարավոր հայորդիներ, ովքեր թև սկաուտ չէին, բայց նվիրված էին Աստծուն Ազգին Հայրենիքին։
Արալեզի նախաձեռնությունը այց դեպի Եռաբլուր պանթեոն, կարևոր էր և նույնիսկ պարտադիր։ Մեր սկաուտական խումբը, ծածանելով իր և երկրի դրոշները, հասնելով այնտեղ իր հարգանքն է ցույց տվել մեր հայրենիքի ազատամարտիկներին, հերոսներին, զինվորներին՝ հերթով մոտենալով, պատվի առնելով ծաղիկներ խոնարհել հուշահամալիրին։
Այցելուներն առանձնահատուկ հարգանքի տուրք մատուցեցին մեր ժողովրդի հպարտության խորհրդանիշ ազգի նվիրյալներ Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի, Մոնթեի, ինչպես նաև մեր սկաուտական խմբի հերոս, 2020 թվականի պատերազմում զոհված Արսեն Բեգլարյանի շիրիմներին։
Բոլոր ներկաներն էլ, քիչ թե շատ հասկանում էին, թե որտեղ են, և ամեն մեկն ինքն իրեն խոսք էր տալիս, որ սրբորեն կպահի մեր հերոսների անունն ու գործը, որ տեր կկանգնի այն հողին, որ կոչվում է Հայրենիք։
Այցը կարևոր էր մեր պատանի երիտասարդների համար, որպեսզի նրանք ճանաչեն, իմանան, վառ պահեն հիշատակը մեր հերոս զինվորների, սիրեն, հարգեն և փառաբանեն։ ԵՎ ամենակարևորը, հասկանան Հայոց բանակի դերը մեր կյանքում և օրինակ ծառայեն մնացածին։
Հոկտեմբերի 2-ին ծաղիկներ խոնարհելով մեր եղբայրների շիրիմներին ևս մեկ անգամ խոստացանք ինքներս մեզ, որ պետք է հավատարիմ մնանք մեր երդմանը և գործենք իբրև պարտականությանը գիտակից արի և վեհանձն անձ։ Դրանով էլ իսկ շարունակենք մեր եղբայրների կիսատ թողած գործը։
Հավերժ փառք մեր անմահ եղբայրներ․․․
Թողնել պատասխան